Ուշագրավ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել….

 

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Արմեն Գեւորգյանը դատարան մտնելիս լրագրողներին ասաց, որ կխոսի դատական ակտից հետո: Քիչ առաջ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը ընդմիջվել է, իսկ Արմեն Գեւորգյանը դուրս էր եկել հետնամուտքով: Իսկ նիստը ընդմիջել են պաշտպանական կողմի խնդրանքով, որը լրացուցիչ նյութեր է ուզել՝ դրանց ծանոթանալու համար: Արմեն Գեւորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով: Հարցին՝ ումի՞ց է ստացել կաշառքը, պաշտպանն ասաց, որ նման տեղեկություններ չեն կարող հայտնել՝ նախաքննության գաղտնիության սկզբունքից ելնելով: Նա ասաց, որ դժվար է ասել՝ այսօր որոշում կկայացվի՞, թե՞ ոչ: Պարոն Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել, դիրքորոշում է հայտնել մեղադրանքի վերաբերյալ, չի ընդունում մեղադրանքը: Հարցին՝ իր դեմ ցուցմունք տվե՞լ են ու արդյո՞ք կաշառքի մասով այդ անձը հանդիսանում է Սիլվա Համբարձումյանը՝ պաշտպանը պատասխանեց, որ եթե կալանավորման որոշում է կայացնում իրավասու մարմինը, բնականաբար որոշակի փաստերի եւ հիմքերի առկայություն է պետք, բայց թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ են ներկայացվել, ցուցմունքներ՝ չի կարող ասել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ առերեսում կատարվե՞լ է, թե՞ ոչ, պաշտպանն այս հարցին էլ չկարողացավ պատասխանել: Կաշառքի չափը նույնպես չի հրապարակվում՝ նախաքննության գաղտնիության սկզբունքից ելնելով: Այսօր դատական նիստի ընթացքում լսել են քննիչի միջնորդության բովանդակությունը, հիմնավորումը, դեռ առարկությունների փուլին չեն հասել: Իսկ թե քննիչն ինչ հիմնավորում է ներկայացնում՝ Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար՝ պաշտպանն ասաց, որ հիմնական հիմնավորումն այն է, որ Արմեն Գեւորգյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի վարույթն իրականացնող մարմնի գործընթացին, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, վկաների, մասնակիցների վրա ազդեցություն կգործի: Հարցին՝ ինչպե՞ս եք առարկելու՝ պաշտպանն ասաց, որ լիովին իրենց առարկությունները դեռ պատրաստ չեն: Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ «Վիճարկելու ենք հիմքերի առկայությունը, որովհետեւ կարծում ենք, որ դրանք առկա չեն, բայց միեւնույն է, եթե դատարանը գտնի, որ առկա է կալանավորման թե՛ պայմանը, թե՛ հիմքերը, միջնորդելու ենք գրավ կիրառելու համար»: Պաշտպանն ասաց, որ որեւէ կասկած անգամ չունեն, որ դատարանը արդար է ու արդար դատական ակտ կկայացնի:

Понравилась статья? Поделиться с друзьями: