Երեւանում, նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06:00-ի սահմաններում, այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 34-ամյա Ն.Ս.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այրվածքները ստացել է Արագածոտնի մարզի Ապարանի լճի տարածքում գտնվող եկեղեցու մոտ:
Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին Ն.Ս.-ին, իսկ ոստիկաններն էլ կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 06:30-ի սահմաններում, նույն գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվում Երեւանի բնակչուհի, 28-ամյա Գ.Ա.-ն: Աղբյուրի տեղեկություններով, վերջինս ստացել է «դեմքի պարանոցի եւ ձախ վերջույթի 2.3 աստիճանի քիմիական այրվածք»:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում Ն.Ս.-ն եւ Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են աղաթթու (կիսլատա) եւ ստացել այրվածքներ: