Չեմ սիրում, երբ Ամանորին տնետուն են գնում, նույն քաղցրեղենն են տանում. Հասմիկ Կարապետյան

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը խոսել է տոնի հետ կապված իր ասոցիացիաների, 2018-ի ամենամեծ ձեռքբերման, Ամանորը նշելու իր նախընտրելի տարբերակի եւ այլ թեմաների շուրջ: —

Հասմիկ, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը: -Այն, որ ընտանյոք հանդերձ կրկին բնակվում եմ Հայաստանում: Մինչ այդ վեց ամիս ապրեցի Կանադայում: Իհարկե, որպես քաղաքացի, ինձ համար մեծ ձեռքբերում էր նաեւ թավշյա հեղափոխությունը: Ժողովրդի ձայնն այս անգամ որոշիչ եղավ: -Իսկ ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել: -Այս տարի պլանավորում էի հավաքել եւ ունենալ իմ անձնական բենդը, անհատական ծրագրով հանդես գալ Երեւանի տարբեր ակումբներում եւ փաբերում, բայց դուստրս դեռ փոքր է, ինձ հետ շատ կապված է եւ թույլ չտվեց, որ այդ ծրագիրն իրականացնեմ: Երեւի մյուս տարի արդեն կհաջողվի դա անել: -Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը: -Երբ դեկտեմբերի 31-ի գիշերը ղողանջում են զանգերը, միանշանակ, այդ պահը գերադասում եմ նշել ընտանիքիս հետ տանը: Հետո արդեն կարելի է գնալ ինչ-որ ռեստորան, ակումբ, որովհետեւ քաղաքի ընդհանուր տրամադրությունն այդ ժամանակ շատ լավն է լինում: -Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում: -Արդեն չեմ սիրում, երբ Ամանորին տնետուն են գնում, նույն մարդիկ իրար այցելում են, նույն քաղցրեղենն են տանում, հետո քո տարած քաղցրը բումերանգի պես վերադառնում է քեզ (ծիծաղում է): Դա արդեն ինձ ձանձրալի է թվում: Թեպետ ժամանակին բավական ընդունելի ձեւ էր: -Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում: -Մանդարինի բույրի եւ ընդեղենի: Բնականաբար, այնպես չէ, որ միայն տոն օրերին ես այդ ամենն ուտում, բայց հետաքրքիր է, որ ասոցիացիան այդպիսին է: Իսկ մանուկ հասակում Ամանորն ասոցացնում էի տոնածառի, փայլերի հետ: -Ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը: -Երբ Կանադայից հետեւում էի թավշյա հեղափոխության ընթացքին: Ցավոք, դա միայն օնլայն էր հնարավոր անել, բայց այն հոգու թրթիռը, հուզմունը, որ ապրեցի, պարզապես անմոռանալի էր: Տարիներ շարունակ նման սուր զգացողություններ չէի ունեցել: Այդ ժամանակ առաջին անգամ գիտակցեցի, թե որքան հայրենասեր եմ: Իսկապես պատմական պահ էր: -Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է: -Այն պահը, երբ մեր տուն եկավ Ձմեռ պապիկ: Միայն մուլտֆիլմերում ու ֆիլմերում էի տեսել: Հիշում եմ, որ ուշադիր նայում էի նրա բեղերին, հագուստին, հատկապես գլխարկին: Փորձում էի հասկանալ՝ իրական էր, թե ոչ: Կարեւորն այն է, որ հավատացի՝ իրական էր: -Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը: -Փառք տիրոջ, կորուստներ չեն եղել: Երեւի միայն այն կառանձնացնեմ, որ եւս մեկ տարի երգարվեստով չզբաղվեցի, պասիվ էի: Ինչ վերաբերում է Հայաստանին, բնական է, որ հեղափոխությունից հետո կլինի անկումի շրջան, նորմալ է, որ ինչ-ինչ բաներ ձեռք բերելու համար որոշ բաներ էլ կորցրել ենք: Հույս ունեմ, որ դրանք մեծ կորուստներ չեն եղել: -Ձեր դուստրը՝ Տաթեւը, արդեն տարբերու՞մ է տոն օրերը, գիտակցու՞մ է, թե ինչ է կատարվում իր շուրջը: -Կարծում եմ՝ դրա համար մի քիչ վաղ է, բայց հիշում եմ, որ երբ Կանադայում էինք, պապիկը բերեց, զարդարեց տունը, եւ ինքը շատ բուռն արձագանքեց այդ ամենին, զգաց, որ մթնոլորտ փոխվեց: Ի դեպ, նա քաջ գիտակցում է տարեդարձների օրերը: -Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում: -Նրբաբլիթները: Մայրիկս ամեն տարի պատրաստում է: Բացի այդ՝ ինձ առանձնապես գրավում է սեղանի առատությունը, այն հանգամանքը, որ պատրաստել պետք չէ (ծիծաղում է): -Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք: -Ոչ, փոխարենը դպրոցական տարիներին գրում էի մի տղայի, որին սիրահարված էի: Նա չգիտեր այդ մասին: Իհարկե, նամակները երբեք տեղ չէին հասնում (ծիծաղում է): -Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից: -Առաջին հերթին՝ խաղաղություն ողջ աշխարհին, իսկ անձամբ ինձ համար՝ առողջություն դստերս: Ուզում եմ միշտ հպարտանալ նրանով: Աննա Բաբաջանյան

Понравилась статья? Поделиться с друзьями: