«Պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստում կայացրած որոշումների մասին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանեց. «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկարեցրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- նշեց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք, կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսեները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապտի պաշտոնակատարը նշեց, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել: «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: