Ռուսական մամուլը խոսում է 2018թ. միջազգային քաղաքականությունը փոխած իրադարձությունների մասին:

Gazeta-ն ներկայացրել է 2018թ. իրադարձությունները, որոնք փոխել են միջազգային հարթակում ուժերի հավասարակշռությունն ու ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների նկատմամբ մոտեցումը:

Տարվա հայտարարությունը

Խորագրում պարբերականը ներկայացնում է ՌԴ Դաշնային հավաքի ժամանակ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: Պուտինը 2018թ. մարտի 1-ին՝ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, ներկայացրեց ռուսական նորագույն զենքերը, դրանց թվում՝ «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրը, «Սարմատ» հրթիռային համալիրը, «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռն ու լազերային զենքը: Նա նաև հայտնեց «Ավանգարդ» հիպերձայնային զենքի մշակման մասին:

Միջազգային ԶԼՄ-ներն ու օտարերկրյա փորձագետները, պարբերականի խոսքով, սկզբնապես թերահավատորեն մոտեցան այդ հայտարարությանը, սակայն արևմտյան, մասնավորապես, ամերիկացի զինվորականներն ու պաշտոնյաները խոսեցին ռուսական նորագույն զենքի առջև իրենց չպաշտպանված լինելու մասին:

Տարվա սադրանքը

Տարվա սադրանքն, ըստ պարբերականի, մարտի 4-ին՝ Պուտինի ելույթից օրեր անց, Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն էր: Ռուսաստանն իր հասցեին մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ տեղի ունեցածը Լոնդոնի սադրանքն է:

Տարվա որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Գործարքն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն էր: Թրամփը դրա անհրաժեշտության մասին խոսում էր դեռևս նախագահության սկզբից:

Տարվա բացահայտումը

«Տարվա ոչ բոլոր իրադարձությունները բացասական նրբերանգ ունեին»,- գրում է պարբերականը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անսպասելի որոշեց աշխարհի հետ երկխոսության գնալ:

Կես տարվա ընթացքում Կիմ Չեն Ինին հաջողվել անել այն, ինչ չէին կարողանում անել նրա հայրն ու պապը. նա հունիսի 12-ին Սինգապուրում հավասարը հավասարի պես բանակցեց ԱՄՆ նախագահի հետ:

Ընտրությունների տարի

Ողջ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս քաղաքական և գաղափարական փոփոխություններ նկատվեցին: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի ընտրությունը հարված էր Լատինական Ամերիկայի «ձախականների» համար: Շվեդիայում խորհրդարանական ընտրություններին պոպուլիստական աճ գրանցվեց:

Պարբերականի խոսքով՝ ոչ բոլոր ընտրությունները նման ցնցող արդյունք ունեցան: Ռուսաստանում, օրինակ, ինչպես և կանխատեսվում էր, ընտրություններում հաղթեց Վլադիմիր Պուտինը: Իր պաշտոնը պահպանեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Պարբերականը հիշեցնում է նաև Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի չէին ունենա, եթե չլիներ «թավշյա» հեղափոխությունը:

«Ընտրություններն ավարտվեցին «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակով: Նախկին իշխանությունները՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, չկարողացան նույնիսկ ընդդիմություն դառնալ և չհաղթահարեցին ձայների 5 տոկոսանոց շեմը»,- գրում է Gazeta-ն:

Պարբերականը եզրակացնում է, որ բոլոր այդ ընտրությունների արդյունքները հետագայում ազդեցություն կունենան միջազգային քաղաքականության վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: