Այսօր, համեմատական ասած, բավականին լուրջ վարկանիշ ունենք, բայց մենք դեռ երկար անելիք ունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ պատրաստակամ է իր աշխատանքը շարունակել գործընկերների հետ և ունի համապատասխան ներուժ, էներգիա:
«Մենք օր օրի վրա ավելի կատարելագործվում ենք, ես համեմատում եմ մայիս-հունիս ամիսների հետ, բավականին մեծ տարբերություններ կան դրական առումով։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է գա, անի այն, ինչ ես չեմ արել, խնդրեմ, այնպես չէ, որ ես աթոռից կառչած եմ»,- ասաց Օսիպյանը և նշեց, որ ամեն դեպքում որոշողը վարչապետն է՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:
Անդրադառնալով այն գնահատականներին, թե ինքը թույլ ոստիկանապետ է, Վալերի Օսիպյանն ասաց, որ դրանք ուղղորդված են, եւ իքնը գիտի՝ այդ խոսակցությունները որտեղից են գալիս։
«Ես գիտեմ՝ որտեղից է գալիս, թե ես շատ թույլ ոստիկանապետ եմ, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, շատ գերազանց տիրապետում եմ, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ Օսիպյանը ոստիկանապետ չլինի: Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել համակարգում, շատ թույլ եմ, որ իմ վրացի գործընկերն ասում է, որ Հայաստանում նախադեպ չունեցող ընտրություն է իրականացվել, և անգամ համեմատելով իրենց ընտրությունների հետ՝ ասում է, որ ձերն ավելի լավն էին, շատ թույլ եմ, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, էլի կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված իմ թույլ լինելը»,- ասաց նա:
Ոստիկանապետը նշեց, որ հեղափոխությունից հետո ոստիկանությունը «գնացքի նման կանգ էր առել», և ինքը փորձում է հրել այդ գնացքը: Նա նշեց, որ մոտ երեք շաբաթ մենակ է աշխատել, առանց փոխոստիկանապետերի, և առանձնապես ծանր հանցագործությունների հարցում նվազում կա, քանի որ բացահայտել և կանխարգելիչ աշխատանքներ են տարել:
«Ես գիտեմ՝ այդ քամին որտեղից է գալիս, թո՛ւյլ տվեք՝ չարտահայտվեմ: Մարդիկ կան, որ երազում են՝ իրենք դառնան ոստիկանապետ»,- ասաց նա, նշելով, որ այս խոսակցությունները տարածողները կարող են նաեւ նախկին կոլեգաներ լինել։