Ցավալի և ողբերգական ավտովթար՝ կա 1 զոհ…..մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են Лада-21099 մակնիշի 35 PN 094 համարանիշի և Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին 099-ի միջից մեծ դժվարությամբ դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Հիվանդանոցից տեղեկացանք, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կաավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը և Թալինի ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանը: Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մառախուղ է, տեսանելիությունը 1-1,5 մետր է, և ոստիկանները, փրկարարները, բժիշկներն ու քննիչները մեծ դժվարությամբ են աշխատում, տեղում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթար տեղի չունենա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями: