Նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Մեծամորում «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց ծրագրի հսկայական մասը նվիրված է գործարարությամբ զբաղվելու խոչընդոտները հեռացնելուն. «Մեր նախընտրական ծրագրի հսկայական մասը նվիրված է նրան, որ մենք պետք է հատիկ–հատիկ վերացնենք գործարարությամբ զբաղվելու բոլոր խոչընդոտները։ Մենք հարկային օրենսգիրքն ենք փոխում, միկրոբիզնեսին ազատում ենք հարկերից»։
Փաշինյանի պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխությունը կհաղթի այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը փնտրի եւ գտնի իրեն հաճելի անելիքը. «Ես հավատում եմ մեր ժողովրդի աշխատանքային ուժին, որ իրար հետ անելու ենք տնտեսական հեղափոխություն։ Հայաստանը պետք է դառնա տնտեսապես զարգացած երկիր, այդ պահը մոտեցել է։
Ընտրություններից առաջ բանավեճ կար՝ թե ի՞նչ անունով պետք է հանդես գանք, մեր կուսակցության անունո՞վ՝ «Քաղաքացիական պայմանագիր», թե՞ «Իմ քայլը», մենք որոշեցինք հանդես գալ «Իմ քայլը» անունով՝ այդ խորհդրանշից ելնելով։ Չկա համազգային խնդրի լուծում առանց մեզնից յուրաքանչյուրի քայլի»։
Վարչապետ թեկնածուի խոսքով՝ իրենք պետք է մոռանան իրենց անձնական շահերի մասին, անմնացորդ ծառայեն ժողովրդին. «Մենք չենք գողանալու, մենք հաստատելու են օրենքի իշխանություն, բայց թույլ չենք տալու մեր երկրի բարիքը գողանալ։ Ամեն օր մենք ինչ–որ բան անում ենք կամ չենք անում, որ նպաստենք մեծ ապագային։ Ես ուզում եմ, որ մենք՝ հատկապես պետական պաշտոնյաները, առաջիկայում տրամադրվեն հետեւյալ բանին. մենք պետք է մոռանանք մեր անձերի մասին, անձնական շահերի մասին, պետք է անմնացորդ ծառայենք ժողովրդին։ Ով պատրաստ է սրան, նա ունի անելիք, ով պատրաստ չէ չունի անելիք»։