35-ամյա Տիգրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Պողոսյանի գործի դատական քննությունը:

35-ամյա Տիգրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ դատական ակտի՝ Տիգրան Պողոսյանը, լինելով բարձրագույն զինվորական կրթությամբ սպա՝ հրաձգային գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, կոչումով՝ մայոր, պաշտոնատար անձ, զորամասի հրամանատարի հրամանով 2017 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը նշանակված է եղել մարտական դիրքի պատասխանատու:

Ըստ մեղադրանքի՝ մայոր Տիգրան Պողոսյանը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ՝ խախտել է համապատասխան հրամանի պահանջները, համաձայն որոնց՝ պարտավոր էր հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում՝ անձնակազմի հնարավոր խոցումը նվազեցնելու նպատակով:

Սակայն Տիգրան Պողոսյանը չի պահպանել հիշյալ պահանջները և 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, ցերեկվա ժամը 11-ի սահմաններում չի արգելել մարտական դիրքի ինժեներական աշխատանքներում ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մ.-ի կողմից հակադիվերսիոն պատի վրա բարձրանալն ու հակառակորդի կողմից խոցելի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել հակադիվերսիոն պատի վրա գտնվող զինվորի ուղղությամբ, ինչի հետևանքով զինվորը ստացել է հրազենային մարմնական վնասվածք, տեղափոխվել է բժշկական ջոկատ, որտեղ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում առանց գիտակցության գալու մահացել է:

Տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Դատարանում ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը խնդրել են կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը՝ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

Պաշտպանը նաև դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի դիմումը դատարանին, որով նա հայտնել է, թե չի առարկում Տիգրան Պողոսյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառման դեմ, նրան որևէ պահանջ չի ներկայացնում, չի բողոքում:

Դատարանը հեռախոսակապի միջոցով մեկ անգամ ևս ճշտել է տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը: Վերջինս պնդել է, որ չի առարկում Համաներման կիրառման դեմ, նյութական պահանջ չունի:

Գործով մեղադրող դատախազը հայտնել է՝ եթե տուժողի իրավահաջորդը չի առարկում, ապա ամբաստանյալի նկատմամբ՝ նրան մեղսագրված արարքի պայմաններում կիրառելի է Համաներման ակտի համապատասխան դրույթը:

Դատարանն արձանագրել է՝ Տիգրան Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված անզգույշ հանցագործության կատարման մեջ, որի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ազատազրկում, և տուժողի իրավահաջորդը չի առարկում Տիգրան Պողոսյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառման դեմ: Այսինքն՝ Համաներման ակտի համապատասխան դրույթը կիրառելի է Տիգրան Պողոսյանի նկատմամբ:

Դատարանը Տիգրան Պողոսյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, դադարեցրել է նրա քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: