Մինչ ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» աշխատանքային խումբ են ստեղծում գազի գինն ուսումնասիրելու համար, տնտեսագետ Աշոտ Թավադյանը սեփական հաշվարկներն է ներկայացնում`վստահեցնելով, որ գազի գինը հայաստանցի սպառողի համար հնարավոր է նվազեցնել միջինը 20 դրամով։
Այս տարի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը բացառիկ գնով է վաճառում և հայտարարեց` «մենք կուզեինք, որ ավելի բացառիկ գին լինի»։
Վարչապետը նաև հայտարարեց, որ գազն իրականում գրեթե կրկնակի թանկանում է սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին։
Այս հայտարարությունից 3 ամիս անց Փաշինյանը գազի գինն ուսումնասիրելու հարցով աշխատանքային խումբ կազմեց, որի կազմում է նաև «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը։
Թե որքան ժամանակ կպահանջվի, որ այս խումբը հաշվարկի գազի գինն ու դրա նվազման հնարավորությունը, կառավարությունում դեռ չգիտեն։ Բայց մինչ ոլորտի մասնագետները հաշվարկներ են իրականացնում, տնտեսագետ Աշոտ Թավադյանը սեփական հաշվարկներն է արել ու վստահեցնում է` ցանկության դեպքում հայաստանցի սպառողին վաճառվող գազի 1 խմ-ի արժեքը կարելի է շուրջ 20 դրամով նվազեցնել։
«Գազի գինը սահմանի վրա պետք է կարգավորվի ԵԱՏՄ կանոնների համաձայն։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 64 հոդվածի համաձայն` փոխհաշվարկները և հատկապես ռազմավարական ապրանքների գները հաշվարկվում են ազգային արժույթով։ Եթե գազի գինը հիմա նշված է 150 ԱՄՆ դոլար, ապա պետք է փոխվի ՌԴ ռուբլու»,- Sputnik Արմենիային իր դիտարկումն է ներկայացնում Թավադյանը։
Նրա համոզմամբ, սահմանի վրա գազի գինը ռուսական ռուբլով ֆիքսելու դեպքում հայկական կողմն ապահովագրված կլինի դոլարի փոխարժեքի տատանումներից։ «Դրանք գուցե այնքան էլ մեծ չեն, բայց առկա են։ Մենք հիմա, օրինակ, ավելի թանկ ենք վճարում, քան երկու ամիս առաջ»,- ասաց նա։