Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը
Տիկին Հովհաննիսյան, ՀՀԿ-ն հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս եք քաղաքացուն համոզելու, որ իր քվեն ձեզ տա։ 2017-ին Դուք Կարեն Կարապետյանի հետ մարզից մարզ էիք գնում որպես իշխանության ներկայացուցիչ։ Հիմա կկարողանա՞ք նույն տրամաբանությամբ դուրս գալ հանդիպումների։ Ավելի բարդ չի՞ լինելու ձեզ համար։
Նախորդ քարոզարշավին մենք մասնակցում էինք այլ ձևաչափով, հիմա այլ։ Մենք մասնակցում էինք որպես ուժ, որը որպես խորհրդարանում մեծամասնության հավակնող ուժ ուներ հստակ ծրագրեր և տեսլական։ Փաստացի՝ այդ ծրագրերը դինամիկ կերպով իրականանում էին բոլոր ոլորտներում, և 2014-2016թթ-ի արտաքին գործոնների՝ ներառյալ Արևմուտք-ՌԴ տնտեսական սանկցիաների պատերազմի ազդեցության հետևանքով ՀՀ տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնից հետո կարճ ժամանակահատվածում հաջողվեց ոչ միայն կայունացնել իրավիճակը, այլ նաև գրանցել բարձր աճի տեմպեր։ Կբերեմ ամենապարզ օրինակները՝ 2017թ․ հաջողվեց գրանցել 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մեր երկրի համար ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.6%: Ընդ որում՝ այստեղ էական դերակատարություն ուներ արտահանումը, ինչը համահունչ էր նաև մեր որդեգրած տնտեսական քաղաքականության տեսլականին՝ ունենալ արտաքին պահանջարկի բավարարմանը միտված տնտեսական աճ: Այսպես, 2017թ-ի հունվար-դեկտեմբերին ապրանքների արտահանումը հատեց $2.0 մլրդ-ի սահմանը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով:
Հիմա մենք քարոզարշավին մասնակցում ենք նոր կարգավիճակով։ Ու այդ նոր կարգավիճակով ևս մենք մեծ ասելիք ունենք մեր ընտրողներին։ Այստեղ բարդ կամ հեշտ քարոզարշավի խնդիր չէ։ Յուրաքանչյուր կայացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի փոխել իր ողջ մարտավարությունը՝ գնալով իշխանությունից դեպի ընդդիմություն։ Ինչն էլ հիմա անում է Հանրապետականը։ Ես համոզված եմ, որ Հանրապետականը ունի ողջ ներուժը՝ վստահեցնելու իշխանությանը այլընտրանք փնտրող քաղաքացիներին, որ մենք կարող ենք լինել իրական ընդդիմություն։ Գիտենք մեր առավելությունները, գիտակցել ենք թերությունները, հետևություններ ենք արել մեր սխալներից ու քաղաքացիներին էլ ասում ենք՝ մենք պատրաստ ենք ձեզ ծառայելու` մեր փորձի ու գիտելիքների հիման վրա գործող իշխանություններին մատնացույց անելով իրենց սխալները, որոնցից մի մասը ժամանակին մենք ենք թույլ տվել և ստիպելով նրանց սովորել մեր և ոչ թե իրենց իսկ սխաների վրա: Դա իմաստություն է, որը, ցավոք, չի գիտակցվում և լռեցվում է պոպուլյարի ձայնի ներքո:
ՀՀԿ-ականները հավակնում են իրական ընդդիմություն լինել։ Վիգեն Սարգսյանն անգամ այդպիսի առաջարկ արեց Նիկոլ Փաշինյանին։ Ավելին՝ ՀՀԿ-ն պնդում է, որ մյուս ուժերը ստի ընդդիմություն են և միայն ՀՀԿ-ն կարող է հակակշռել իշխանությանը։ Մինչդեռ իշխանության կողմից հնչում են կարծիքներ, որ ՀՀԿ-ն անգամ չի անցնելու ԱԺ, ուր մնաց ընդդիմության հավակնություններ ունենա։ ՀՀԿ-ի խորհրդարան չանցնելու դեպքում պնդելու եք, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա՞։
Նախ ես հարցադրումը չէի կառուցի ՀՀԿ-ի` Աժ-ում չլինելու կանխավարկածով, այլ այն կանխավարկածով, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ՀՀԿ-ն։ Իրական ընդդիմությունը նախևառաջ ենթադրում է գործող կառավարության քննադատությունը և վերահսկողությունը, կառավարության գործունեության անընդհատ գնահատումը՝ դրանով իսկ ստիպելով կառավարությանը լինել ավելի թափանցիկ, բարձրացնել իր արդյունավետությունը հանրային հարցերի կառավարման գործընթացում։ Նախորդող վեց ամիսը քննաշրջան էր ոչ միայն նոր իշխանությունների համար, այլ նաև քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների։ Իսկ ինչպե՞ս հանձնեցին այդ քննաշրջանը իրենց իրական ընդդիմություն հորջորջող ուժերը. իմ կարծիքով՝ նրանք տապալեցին։ Գոնե ես չտեսա այդ ուժերի կառուցողական քննադատությունը կառավարության գործունեությանը, այլ տեսա միայն դիֆերամբներ, անվերապահ աջակցություն կառավարությանը՝ ամենափոքր հարցից մինչև ամենասկզբունքայինը։
Խնդրում եմ հետևեք ուշիուշով, թե ինչպես են ընդդիմության 30 տոկոսի երազանք ունեցող ուժերը քննադատում Հանրապետականին: Իսկ իրենք ազնի՞վ են։ Ո՞ւմ են քննադատում իրենք, նախկին իշխանությա՞նը։ Եվ դրանով ուզում են ստանալ քվե գործող իշխանության ընդդիմության դերակատարի համա՞ր: Ուղիղ իմաստով դերակատարի: Հիմա դուք ազնի՞վ եք ձեր ընտրողի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանի հետ եք, ուրեմն ընտրողները ձայնը կտան իրեն, ինքը ձեզնից լավ է քննադատում ՀՀԿ-ին, եթե Փաշինյանի հետ չեք, ապա ընդդիմություն պիտի կոչվեք և ուրեմն քննադատեք Նիկոլ Փաշինյանին: Երրորդ ճանապարհ չկա: Ցանկացած այլ բացատրություն պարզապես բացատրություն է:
Ես հասկանում եմ նաև կապը շաղկապից նոր-նոր տարբերող ու դրանից անկեղծ հրճվանք ապրող որոշ գործիչների գայթակղությունը խոսել Հանրապետականի ողջախոհությունից, և իհարկե կա գայթակղություն ներքաշվել այդ անպտուղ թեմայի մեջ ու հակադարձել, բայց ես դա չեմ անի: Պարզապես մի հորդոր` մի մոռացեք, որ դուք ամենակարևոր պահերին հետ եք կանգնել ձեր այն սկզբունքներից, որոնցով քաղաքական կենսագրություն եք սկսել ձևավորել, և դա ոչ ոք չի մոռացել: Այնպես որ, դուք ավելի լավ է մտածեք ձեր մասին, ձեր ուղու մասին, իսկ մեր մասին մենք ինքներս կմտածենք:
Այս վեցամսյա փորձաշրջանը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որ գնում է իրական ընդդիմության ճանապարհով։ Իսկ կհայտնվենք մենք խորհրդարանում, թե ոչ, որոշելու է ՀՀ քաղաքացին: Հանրապետականին տված իր քվեով ՀՀ քաղաքացին ասելու է, որ ուզում է հասկանալ, թե ինչու իրեն խոստացված աշխատավարձի բարձրացումը չկա, ինչու կոռուպցիայի դեմ այսպես կոչված անզիջում պայքարի արդյունքում պետական բյուջե գումար չի մուտքագրվել, ինչու փորձ չարվեց իրենց փոխանցված 10.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը պահպանել, այլ փոխարենը թույլ տրվեց այդ ցուցանիշի անկում՝ ընդհուպ մինչև 6.6 տոկոսի իննամսյա կտրվածքով, կամ ինչու արդյունաբերության 8.3 տոկոսը գահավիժեց 4 տոկոսի՝ դարձյալ իննամսյա կտրվածքով, ինչու արտաքին քաղաքականության մեջ ունենք, եթե չասեմ ճակատագրական, ապա գոնե էական բացթողումներ, ինչու խոստացվել ու չեն հանվել տեսախցիկները, կարմիր գծերը, և այլն, և այլն, և այլն: Բազմաթիվ ինչուներ, որոնք հնչեցնելու իրավունք ենք խնդրում ՀՀ քաղաքացուց: Բազմաթիվ ինչուներ, որոնք պտտվում են շատերի մտքում, բայց միայն մենք ենք խիզախում բարձրաձայնել: Մյուսները կամ հմտորեն շրջանցում են, կամ էլ ուղղակի այդ առումով «ինչու» հարցն են մոռանում: Միայն թե խնդրում եմ չհակադարձել՝ «բա Սերժի օրոք լա՞վ էր» պարզունակ թեզը: Կուսակցությունը` իր ղեկավարով, իր արածների ու չարածների համար կրել է և կրում է քաղաքական պատասխանատվություն: Որոշները` իրավական․ հիմնավոր, թե անհիմն, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ցույց կտա ժամանակը:
Տեսակետ կա, որ ռեյտինգային ընտրակարգը թույլ կտա ՀՀԿ-ին տեղերում ավելի շատ ձայն հավաքել, քանի որ որքան էլ ձայն բերողների մի մասը հեռացել է ՀՀԿ-ից, այդուհանդերձ դեռ մնացել են այդպիսիք կուսակցությունում, այդ թվում՝ տեղական իշխանություններում։ Մինչդեռ զուտ համամասնական ընտրություններում ՀՀԿ-ն ավելի քիչ ձայների կարող էր հավակնել։ Այս պնդման մեջ ճշմարտության հատիկ չկա՞։
Ինձ թվում է՝ պատասխանը արդեն իսկ Ձեր հարցի ձևակերպման մեջ է։ Ձեր կարծիքով ի՞նչը պետք է խանգարեր այն մարդկանց, որոնք հավատում են ՀՀԿ գաղափարներին և սկզբունքներին, շարունակել աջակցել Հանրապետականին, եթե ընտրակարգը փոխված լիներ։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընգծել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին դեմ քվեարկելը պայմանավորված էր ոչ թե նախկին համակարգի շնորհիվ հնարավոր առավելություններ ստանալու մղումով, այլ մի պարզ իրողությամբ. չի կարելի փոխել խաղի հիմնական կանոնները ընտրություններից ընդամենը քառասուն օր առաջ։ Դա սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը։
ՀՀԿ-ում պնդում են, որ հավակնում են երկրորդ տեղը զբաղեցնել ընտրություններում, անգամ խոսվում է մինչև 20 տոկոս հավաքելու մասին։ Մինչդեռ Մարուքյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն կարող է ընդհանրապես չանցնել ԱԺ։ Ձեր գնահատմամբ՝ որքա՞ն քվե կստանա ՀՀԿ-ն։
Իհարկե, կարելի է անել կանխատեսումներ, որոնք միայն քո սեփական սրտաբուխ ցանկությունների արդյունքն են, սակայն, միևնույն է, բոլորը գիտեն, թե ինչպիսի իրականություն է քեզ սպասվում։
Թե կոնկրետ ինչքան քվե կստանա Հանրապետականը, այս պահին, երբ նույնիսկ չի տրվել յուրաքանչյուր ընտրության համար ամենաորոշիչ ու պատասխանատու փուլի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկը, դժվար է հստակ մատնանշել։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Բայց կարծում եմ, միայն այն հանգամանքը, որ տարբեր քաղաքական ուժեր իշխանությունների և նրանց քայլերի մասին խոսելու փոխարեն նախընտրում են խոսել Հանրապետականի անցնել-չանցնելուց, ևս մեկ անգամ ակնբախ ցույց է տալիս՝ ով է ընդդիմություն և ով իշխանություն: