Էնքան ՀՀԿ-ականներ կային, որ հերթով թռան….

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ե՞րբ եք պատրաստվում հայտնվել ֆեյսբուքում։

 Շուտով։ Օրը կգա բարին հետը։ Հասունացել է այն օրը, որ կարիք կա սոցիալական ցանցերում հասարակության հետ ավելի անմիջական ու ավելի օպերատիվ շփման համար։

Ասում են, որ դուք  գրեթե նույն հռետորաբանությունն եք ընտրել, ինչ Նիկոլ Փաշինյանն է ընտրել։ Նույն բառապաշարով փորձում եք պատասխանել նրա՞ն։ Նա ասում է սիրում եմ բոլորիդ, Դուք էլ նույն խոսքերն էիք ընտրել։

Երբ ես ասում էի՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, Նիկոլ Փաշինյանը դեռ ֆեյսբուքում գրանցված չէր։ Իսկ առհասարակ, սերը քրիստոնեական ու համամարդկային է։ Թե Նիկոլ Փաշինյանի մանկության քաղաք Իջևանում, թե իմ մանկության քաղաք Ալավերդիում մարդիկ միշտ էլ իրար ասել են՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, ձեր կյանքին մեռնեմ։ Շատ նորմալ է, որ վարչապետն էլ է օգտագործում, ես էլ եմ օգտագործում, դուք էլ օգտագործեք։ Հո հայհոյանք չենք տալիս, սիրում ենք, բարի ու լավ բառեր ենք ասում։ Ինչքան շատ այդպիսի բառեր ասենք, այնքան լավ։ Եթե մարդիկ իմ ու վարչապետի խոսքում որոշակի նմանություն են տեսել, դա էլ է լավ, որովհետև Աստված տա, գոնե բարի ու դրական էմոցիաների մեջ իշխանությունն ու ընդդիմությունը ունենան նույն բառապաշարը։

Վաղը տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստը։ Սպասվո՞ւմ են անակնկալներ, թե ոչ։

Ես չեմ կարող ասել, հնարավոր է անակնկալներ լինեն, հնարավոր է՝ ոչ։ Կարող է ինձ համար լինի անակնկալ, ձեզ համար չլինի։ Չգիտեմ՝ քաղաքացիները ինչ են սպասում, որ իմանամ ինչ են սպասում, կասեմ։

Դե, օրինակ, Ձեր ռեյտինգային թեկնածուներից քանիսը կմնան ձեզ հետ, քանիսը՝ ոչ։

 Ասեմ, իմանաք՝ ՀՀԿ-ն բոլոր տեղերում ռեյտինգային թեկնածուներ ունի։

Երևանում նույնպե՞ս։ Ասում են՝ Երևանում ռեյտինգային թեկնածուների խնդիր ունեք։

Բնականաբար, եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ, ապա ՀՀԿ-ն այն ժամանակ նույն իրավիճակում էր, ինչ այսօր ՔՊ-ն։ Հիմա տեսնենք, մենք ունենք ռեյտինգային թեկնածուներ, որոնք պատրաստ են առաջադրվել, պարզապես մի փոքր բարդ է դառնում ընտրական գործընթացը մի պատճառով, որ ՀՀԿ-ն առաջին անգամ է 21-րդ դարում հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք միշտ մասնակցել ենք ընտրություններին առնվազն 40 տոկոս ստանալու ակնկալիքով։

Իսկ հիմա ինչքա՞ն ակնկալիք ունեք։

Ես կարծում եմ, որ եթե համապետական ցուցակը լինի ճիշտ, եթե ռեյտինգային ցուցակները լինեն ճիշտ, քննարկված, ընկալելի, այսինքն մարդիկ, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի հետ, մարդիկ, որոնք ՀՀԿ-ական ասելով ընկալում են այդ մարդկանց, եթե այդ մարդիկ են լինելու, եթե ռեյտինգայինում էլ լինելու են մարդիկ, որոնք ոչ թե պաշտոնի համար են եկել ՀՀԿ, այլ մնացել են ՀՀԿ-ում, պաշտպանել են ու շարունակելու են պաշտպանել Աշոտի, Անդրանիկի ու Վազգենի սկսած գործը, շատ հեշտ է լինելու։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի համապետական ցուցակով, ինչպիսի ռեյտինգային ցուցակներով հանդես կգանք, ինչպիսի թիմ կլինի և այլն։ Եթե լինի ճիշտ համապետական ու ճիշտ ռեյտինգային ցուցակ, նաև ճիշտ աշխատանքի դեպքում մենք ամենամեծ շանսերն ունենք երկրորդ ուժը լինելու համար։ Այսօր կա երկու բևեռ. Այն կողմում Նիկոլ Փաշինյանն է, այս կողմում Շարմազանովն ու Աշոտյանը, մեկ էլ Արփինե Հովհաննիսյանը։ Եթե սխալ ուղղությամբ գնանք, սխալ քարոզարշավ անենք, կարող է այլ արդյունք լինել, չեմ կարող ասել։

Փաստորեն, պատրաստ եք գնալ քարոզարշավի, հանդիպումներ ունենալ, մարդկանց մեջ մտնել, խոսել։

Նախ ես մարդկանց հետ միշտ եմ հանդիպում և խոսում։ Ես այդ առումով որևէ խնդիր չունեմ, առավել ևս Լոռու մարզում։ Լուսնից էլ չեմ իջել, որ չհասկանամ, որ այսօր շատ բարդ է։ Եթե նախկինում 2005 թվականին միայն Ալավերդիում դրել եմ թեկնածությունս ու 3 հազար ձայն եմ ստացել, երբ դեռ ուսանող էի, հիմա ռեալ չի այսքան թեկնածուների պարագայում միայն Ալավերդիում ստանամ 33 հազար ձայն։ Այսքան սև քարոզչության, այսքան աշխարհի մեղքերը Շարմազանովի վրա բարդելու պայմաններում այսօրվա մեկ ձայնը հավասարազոր է լինելու վաղվա 1000 ձայնին։ Այս սև քարոզչության, նպատակաուղղված ներսից ու դրսից փչացնելու քաղաքականության պայմաններում, երբ այդ մեծ ալիքի դեմ գնում ես ու ասում՝ ինձ ընտրեք, երբ դու կոպիտ ասած, մեծ առումով մեղքեր ունենաս ու ասես իմ վրա կոռուպցիա կա, արյուն կա, բիզնես խլել կա, տենդեր կա, կգնանք Ալավերդի կամ Լոռու մարզ ու կտեսնենք իրականությունը։ Կլինի՞ մի քաղաքացի, որ կասի Շարմազանով, դու ինձ խաբել ես կամ ինձնից բան ես խլել կամ բիզնեսներ ունես, կամ քեզ լկտի ես պահել։ Չի լինի նման բան։ Բայց էլի եմ ասում, այսօր Լոռու մարզում ստացած մեկ ձայնը ինձ համար հավասար է լինելու հազար ձայնի։ Ես որևէ խնդիր չունեմ, հիմա էլ գնում եմ, շփվում եմ, իմ սկզբունքն ունեմ, անկախ նրանից, թե որտեղ կլինեմ։

Երկրորդ, այդ մեծ-մեծ խոսացող երիտասարդներին խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանի դուխով քիչ վեր-վեր թռնեն։ Մի տվայտվեք, եթե Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի, կմոլորվեք։ Բայց Աստված իրեն առողջություն տա, որովհետև բացի այս ընտրություններից շատ ավելի կարևոր հարցեր կան՝ Ղարաբաղի հարց կա, Հայաստան-Թուրքիա, Իրանի հետ հարաբերությունների հարցեր կան։ Թող ինքը առողջ լինի, որ կարողանա այդ խնդիրներին նորմալ լուծում տա։ Բայց թող կողքը հավաքի ոչ թե իրեն գովաբանող և իր շողքի տակ ավելի բարձր գոռացող երիտասարդների, այլ մարդկանց, որոնք կայացած և թեկուզ իր թիմում ճանապարհ են անցել։

Ինչ վերաբերում է մեզ, դե պետք է աշխատենք, տեսնենք։ Ճիշտ աշխատանքի դեպքում կունենանք երկրորդ տեղ, սխալ աշխատանքի դեպքում չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ի վերջո, ժողովուրդն է որոշողը, ինչպես կորոշի, այնպես էլ կլինի։ Թե ես քաղաքականության մեջ կլինեմ, թե չեմ լինի, կուսակցության մեջ կլինեմ, թե չեմ լինի, պատգամավոր կլինեմ, թե չեմ լինի, ես իմ ազգային ու քրիստոնեական արժեքներից ոչ միայն չեմ հրաժարվելու, այլև բոլոր ֆորմատներով պայքարելու եմ դրանց համար։ Արցախը, Ցեղասպանությունը, ավանդական հայ ընտանիքը, եկեղեցին, դրանք ինձ համար լինելու են գլխավորը։ Թե դա ինչ ֆորմատով կլինի, ում հետ կլինի, ով այդ հարցերում իմ մտքերը կիսում է, ինքն ինձ համար ամենալավ հանրապետականն է։ ՀՀԿ-ական լինելն ինձ համար կուսակցական կրծքանշանով չի, հանրապետականը որոշվում է նրանով, թե նա որքանով է կիսում Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկի, Վազգենի գաղափարները։ Էնքան ՀՀԿ-ականներ կային… տեսանք էլի, որ մեկ ժամում թռան ՔՊ-ի գիրկը, բայց ՔՊ էլ չեն հասել, այլ այդ կուսակցության արբանյակների կողքը ֆռֆռում են՝ հույս ունենալով, որ լավ է լինելու։ Բայց մարդիկ էլ կան, որ սկզբունքային կարող են լինել, ես չեմ կարող ասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: