Քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր քարոզարշավի ժամանակ նշել է՝ քինախնդրությամբ պետք չէ առաջնորդվել. «Իրավական դաշտում իրենց ենթարկելու եմ պատասխանատվության, միջազգային կառույցները արձագանքելու են, ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ես սա բացարձակապես չեմ կապում իրենց անբարո վարքագծի հետ, եթե մենք գտնենք, որ պետք է կողմ քվեարկել, որպեսզի խորհրդարանը ինքնալուծարվի, մենք կքվեարկենք, իհարկե, կողմ»:
Նա հայտարարել է, որ իրենց որոշումը լինելու է իրե՛նց որոշումը, պայմանավորված չի լինելու ինչ–որ մեկի ճնշմամբ, այլ հիմնված է լինելու ժողովրդի շահի վրա. «Ինչպես իրենք են ասում ՝ կբերենք, կնշենք… ո՛չ, չեք կարող»։ «Հերիք է շանտաժ անեն ժողովրդով։ Մենք նման հարց չենք քննարկել, քանի որ ԱԺ–ում նման նախագիծ չկա։ Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ինձ համար նախընտրելի ժանր չէ»,–ասել է Զոհրաբյանը: