Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ու հանրահավաքն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:
Դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված:
Խոսեց նաեւ սեւերի ու սպիտակների բաժանման հայտնի արտահայտության շուրջ աղմուկի մասին:
Այնուհետ անդրադարձավ Հայաստանում արտոնյալների գոյությանը, հեղափոխությանը հաջորդած ամիսներին.
«Երբ նոր էի ընտրվել վարչապետ, հանրապետականները զանգում էին իրար ու ասում, այ մարդ մի 3 ամիս սպասեք, էս ոգեւորվածությունը կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի, այսպիսի թեզեր էին առաջ քաշում: Արդեն 3 ամիս է անցել, բայց հանրապետականների վարկանիշն այսքան ընկած երբեւէ չի եղել, իսկ հեղափոխության վարկանիշն օր օրի բարձրանում է: Ժողովուրդը տեսնում է, որ մենք չենք խաբում, մենք չենք թալանում, մենք մեր խոստումները կատարում ենք ու ժողովրդին սիրում ենք, ժողովուրդն էլ մեզ է սիրում:
Մյուս թեզը, որ վայ, անփորձ են, անփորձ կադրեր են, էս ոնց են անելու: Ես էլի եմ հայտարարել՝ Հայաստանում սկսվել է նոր կառավարում՝ ժողովրդավարական ճանապարհով: Մենք այն, ինչ արել ենք, աշխարհում չկա մի երկիր, որ այդ փորձը ունենա: Ինձ ասում էին՝ ախր հեղափոխությունը այդպես չէին անում, եթե ուզում ես անես հեղափոխություն, պետք է գնաս սրա հետ պայմանավորվես, ոստիկանության ու ԱԱԾ-ի հետ պայմանավորվես, սա անես, նա անես, որ հեղափոխությունը լինի: Ասում էին՝ առաց դրա հեղափոխություն չի լինի, տեսա՞ք ոնց եղավ:
Ընդանուր առմամբ, ես կարծում եմ, որ այո, Հայաստանն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա: Այսպիսի մակարդակ երբեւէ տեղի չի ունեցել: Ես ասում եմ որպես մարդ, որը Երրոդ հանրապետության առաջին օրերից տեղյակ է ու որպես լրագրող լուսաբանել է ՀՀ քաղաքական կյանքը:
Հիշու՞մ եք, երբ ՀՀ-ում նոր կարգեր հաստատվեցին, որոշ անձինք ժողովրդավարությունը անվանեցին ամենաթողության սկիզբ, որովհետեւ սովոր էին, որ այդպես է լինելու: Իրականում ժողովրդավարությունը օրենքի գերակայության առումով ամենախիստ կառավարման մեթոդն է, որը ենթադրում է խստագույն կարգապահություն՝ որոշումներն ի կատար ածելիս: