Գևորգ Մանուկյանը իրեն համարում է մարտի 1-ի կենդանի «զոհ»: 4 տարվա ազատազրկման դատապարտված նախկին քաղբանտարկյալը առողջությունը փրկելու համար հեռացավ Հայաստանից: Գևորգ Մանուկյանը տարիներ շարունակ պայքարում է արդարադատության հասնելու համար: Նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Տառապանքի և փորձությունների բովով անցած Գևորգը պայքարում էր` Նոր Հայաստանի համար: Ամիսներ շարունակ նա փորձել է կապ հաստատել թավշյա հեղափոխության հերոսների հետ և հասկանալ իր կարգավիճակը: Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգը պատմեց իր ապրումների մասին: Նա հայտնեց, որ Փարիզում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատահական հանդիպել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: «Ես ՀՀ վարչապետից հանդիպում չխնդրեցի, նա հրապարակային իմ հարցին սպառիչ պատասխան տվեց:
Ամիսներ շարունակ ցանկանում էի խոսել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, իմ ծանոթները ինձ ասում էին, որ Մխիթարը գիտի իմ մասին և ասում է, որ ավելի լավ է մնամ և առողջական խնդիրներս լուծեմ Ֆրանսիայում: Սակայն նախարարի մասով ձևավորած կարծիքս լրիվ փոխվեց: Ես նրան ասացի`ավտովթարից չեմ կորցրել աչքս, կամ խուլիգանության ժամանակ, ես մարտի 1-ի «զոհերից» եմ: Նախարարը ներողություն խնդրեց իր աշխատակիցների պահվածքի համար և խոստացավ, որ առաջիկայում լիարժեք պատասխան կտրվի ինձ: Ես իսկապես ուրախ եմ, որ Հայաստանը վերջապես նման իշխանություն ունեցավ»,-նշեց Գևորգ Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ վարչապետ Փաշինայնն էլ սրտացավ է վերաբերվել և հավաստել, որ հետևողական է լնելու իր գործում.« Ձեռքս բռնեց ու ժպտաց, ջերմություն զգացի, ասաց` ցտեսություն եղբայր…»,-եզրափակեց Գևորգ Մանուկյանը: