Փաշինյանի նախազգուշացումն ուժայիններին. սկսվեց մոբիլիզացիան

Ուժային կառույցները լավ չեն կատարել որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու իմ հրահանգը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, ի պատասխան Միհրան Պողոսյանի եւ նրա թիկնապահների մասնակցությամբ հնարավոր միջադեպի առնչությամբ հարցին:Ըստ հարցի, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանի կուսակից Լենա Նազարյանը, Միհրան Պողոսյանն ու նրա թիկնապահները հայհոյել են քաղաքացիներին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր տեղեկությամբ այդ գործով կան բերման ենթարկվածներ: Ըստ նրա, իրավապահները կտան հստակ պատասխան դեպքի կապակցությամբ:
Բայց հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի արձանագրել է, որ իրավապահները լավ չեն կատարել իր հանձնարարությունը: Իսկ հանձնարարությունը նա հնչեցրել էր հայտնի գաղտնալսումից հետո տեղի ունեցած հանրահավաքին, որը նախընտրական էր ու առնչվում էր Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը:

Ուժային կառույցները Հայաստանում ստեղծված  իրավիճակում ունեն կարեւորագույն դերակատարություն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հայաստանում կա նախորդ համակարգի հնարավորինս անցավ եւ ավելորդ փլատակներից զերծ ապամոնտաժման խնդիր, հաշվի առնելով այն, որ կոռուպցիոն համակարգը կապակցված է եղել պետական ինստիտուտների հետ, եւ այժմ կա այդ համակարգը այնպես ապամոնտաժելու խնդիր, որ պետական ինստիտուտները չվնասվեն եւ հետեւաբար չտուժի նաեւ պետական կառավարումը:

Սա բարդ խնդիր է եւ դրանում առանցքային նշանակություն ունեն նաեւ իրավապահները, որոնք պետք է զսպեն նախկին համակարգի դիմադրությունը: Ըստ էության, նրանք կարեւոր բալանսավորող միջոց են այն պայմաններում, երբ գործադիր իշխանությունը, վարչապետը չունեն խորհրդարանական մեծամասնություն-հենարան, եւ ավելին՝ այդպիսի մեծամասնություն ունի նախորդ համակարգը: Ի վերջո, այստեղ իրավապահ մարմինները դառնում են գործադիր իշխանության հանրային լեգիտիմության յուրօրինակ հաղորդակ:

Ամենեւին պատահական չէ, որ օրինակ ՀՅԴ ներկայացուցիչ Ռուստամյանը ներկայում խոսում է ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից հանելու մասին: Ի վերջո, ոստիկանությունն ու մյուս իրավապահներն են, որ պետք է ապահովեն հին խաղի կանոնների չեզոքացումն ու մեկուսացումը:

Այդ համատեքստում ուշագրավ է, որ հասարակական ճնշման գործադրումից հետո Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործում է իրավապահների աշխատանքի որոշակի թերացման մասին խոսելու համար, փորձելով գուցե ցույց տալ նաեւ, որ չունի միարժեք կախվածություն այդ համակարգից, եւ ըստ այդմ եթե որեւէ մեկը մտածի, թե այդ համակարգի սաբոտաժը կարող է դիտարկվել իրեն հարվածելու միջոց, ապա կսխալվի այդ հաշվարկում:

Մյուս կողմից, այդ համատեքստում ներկայացնելով իր դժգոհությունն ու զգուշացումը, Նիկոլ Փաշինյանը փաստացի քարտ-բլանշ է տալիս իրավապահ-ուժային կառույցներին՝ ներգերատեսչական կառավարման հարցերում լինել առավել աշխույժ եւ նույնիսկ ագրեսիվ, հնարավոր սաբոտաժային ռիսկերը արագորեն չեզոքացնելու համար:

Իրավապահ համակարգը խոշոր հաշվով գրեթե գերազանց հանձնեց առաջին ընտրական քննությունը, սակայն հասկանալի է, որ համապետական մասշտաբով մարտահրավերները լինելու են ավելի մեծ: Ըստ այդմ, ավելի մեծ է լինելու պատասխանատվությունը: Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը ըստ էության ազդարարեց որոշակի «մոբիլիզացիոն» ռեժիմ ուժային համակարգում:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: