Փաշինյանի ուշագրավ ակնարկը Ծառուկյանին

Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարականից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործընթացը շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես և քաղաքական համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնածությունը, և յոթ օր անց փաստացի տեղի կունենա ԱԺ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ անգամ չի ընտրի վարչապետ:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ շուտով, մոտ 30-40 օրվա ընթացքում կդառնա խիստ առարկայական, որովհետև տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իսկ գործարարները, այդ թվում՝ խոշոր, անկասկած միայն ՀՀԿ-ում չէ, որ կան կամ եղել են, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում շատ ուշագրավ է դառնում, թե ինչպես են արտահերթ ընտրությանն իրենց պահելու այն գործարար-պատգամավորները, որոնք կան այս խորհրդարանում և որոնց մի մասը միացել է հեղափոխությանն այս կամ այն փուլում:

Այդ թվում են թե՛ ՀՀԿ խմբակցությունն ու ՀՀԿ-ն լքած այն մոտ տասնյակ գործարարները, որոնք մայիսից հետո են, այսպես ասած, միացել հեղափոխությանը, և թե գուցե ամենաինտրիգայինը՝ Գագիկ Ծառուկյանը, որը հեղափոխությանը միացել է ապրիլի 25-ին և, ըստ էության, գլխավորում է մի քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրորդը թե՛ նոր խորհրդարանում, թե՛ ընդհանրապես ներքաղաքական պրոցեսներում՝ հավակնելով իշխանության այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր վարկանիշը՝ մինչև հերթական ընտրություն կամ գուցե արտահերթ:

Այդ իմաստով էլ հատկանշական է, Գագիկ Ծառուկյանը անձամբ գնալո՞ւ է խորհրդարան արտահերթ դեկտեմբերյան ընտրությանը, թե՞ Ծառուկյանը կանի Հայաստանի համար, թերևս, աննախադեպ մի քայլ՝ հայտարարելով, որ չի դառնա պատգամավոր: Բանն այն է, որ այդ հանգամանքը լոկ մանդատի հանգամանք չէ, այլ քաղաքական կոնֆիգուրացիայի խնդիր և, ըստ էության, այդպիսով կարող է փոխվել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը: Բանն այն է, որ մանդատի հավակնությունից հրաժարվելը գործարար Ծառուկյանի համար կնշանակի հրաժարվել նաև քաղաքական մասնակցությունից ընդհանրապես, այլ կերպ ասած՝ դուրս գալ քաղաքականությունից, փակել այդ էջը, այս անգամ կամովին և վերջնականապես: Դա լիովին կփոխի նաև ԲՀԿ բնույթը որպես կուսակցություն: Ավելին, այդ ճանապարհը կարող է լինել նաև ԲՀԿ «ռեբրենդինգի» որոշակի քայլ: Մյուս կողմից, սա կախված է իհարկե այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որքանով երաշխավորված կհամարի իր սեփականության անձեռնմխելիությունը: Քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի համար նախ եղել է, իհարկե, համակարգային պարտավորություն, աստիճանաբար վերածվելով արդեն զուտ երաշխիքային մոդելի, երբ դրանում առկայությունը Ծառուկյանին անվտանգության և անձեռնմխելիության երաշխիք էր:

Ներկայումս իրավիճակը փոխվել է, սակայն, մյուս կողմից, ակնառու է մի բան՝ չկա նախկին համակարգը, սակայն չկա նաև ինստիտուցիոնալ համոզիչ պաշտպանության համակարգ, և այս իրավիճակում Գագիկ Ծառուկյանը հայտնվում է առանձնահատուկ դերում: Նա, անշուշտ, խորհրդանշական ֆիգուր է և նրա քայլը տվյալ պարագայում, ըստ էության, ունենալու է ավելի նշանակալի իմաստ, քան այն, ինչ նա արել է, օրինակ, ապրիլի 25-ին: Բանն այն է, որ այժմ Ծառուկյանը Ազգային ժողով գալուց հրաժարվելով, ըստ էության, դնելու է ներքաղաքական զարգացումների նոր տրամաբանության հիմք:

Մյուս կողմից՝ չանելով այդ քայլը, նա փաստացի անկախ մնացյալ գործարար պատգամավորների որոշումից պահպանելու է նախկին տրամաբանությունը և, ըստ էության, որոշակի պատասխանատվության տակ է մտնելու իր խորհրդանշականության ֆիգուր լինելու բերումով: Իսկ տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նոր իրավիճակում հին տրամաբանությունը հավասարազոր է երթևեկությանը հանդիպակած վարելուն, ըստ այդմ՝ դա նշանակում է նաև այդ հանդիպակած վարելու համար ռիսկերի պատասխանատվություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: