Քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների վերաբերյալ քրեական գործեր:Ն.Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների և վատնումների վերաբերյալ քրեական գործեր:

«Այս ծավալն ինքնին մեծ է, բայց ես ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, որ այսօր մեր քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների երզրագծից մի բան էլ այն կողմ: Այս պրոցեսը և նաև վնասների վերականգնման ու հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք: Մի բան է վճարվելիք հարկերի ճշգրտումները, այլ բան է վնասների ու չարաշահումների վերականգնումը, որովհետև դրա համար պետք է նախաքննություն, դատաքննություն, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ ուզում է այս պրոցեսում երկու օրինակ բերել, թե կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունն ինչպես կարող է զուտ թվային  ցուցանիշների վրա ազդել: Մասնավորապես, լրջագույն քննության է ենթարկվում, նաև քրեական գործ կա Հյուսիս-հարավ ճանապարհի գործով: Նրա խոսքով՝ արդեն կարող ենք հաստատված փաստ համարել, որ «Տրանշ 1» ծրագրի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի այդ չափանիշները վերականգնվեն, ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Սա կլինի քրեական, քաղաքացիական գործերի շրջանակներում, թե բանակցությունների միջոցով, բոլոր գործիքները կօգտագործվեն: Շատ կարևոր է այսօր հաստատել այնպիսի կանոններ, որը հետագայում կբացառի նույնանման մոտեցումներն ու չարաշահումները:

«Երբ որ այդ ճանապարհի կառուցումը չի իրականացվում ամբողջ ծավալով, որովհետև մենք ունենք հարցեր, մինչև այդ հարցերի պարզաբանումները չլինեն, թույլ չենք տալու, որպեսզի հին ձևերով ու որակով շարունակվի շինարարությունը, իսկ դա բնականաբար ունենում է տնտեսական զսպող էֆեկտ»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ իրականում այսօր Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունենում խիստ պոզիտիվ, առողջացման գործընթացներ, որոնք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որը դրված է կառավարության առաջ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 10 և ավելի տարի Հյաաստանում քննարկվում էր փոքր ՀԷԿ-երի հարցը, դրանք դարձել են չարաշահման մի հսկա տիրույթ: Նրա խոսքով՝ վերջերս ուսումնսիրություններ են կատարվել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում: Դրանց 95 տոկոսում, չնայած օրենքի պահանջին, ջրաչափ տեղադրված չէր: Սա, Փաշինյանի խոսքով, խայտառակ վիճակ է: Ավելին, այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին:

“Ունենք մի իրավիճակ, որ վերցվում է ավելի շատ ջուր՝ ավելի հզոր գենրատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա ու եկամուտ ստանալու համար, որին ըստ էության ոչ միայն մեր ջրային բալանսի խախտման է բերում, այլև պետական եկամուտների կորստի է բերում”,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս առիթն օգտագործելով՝ չպետք է գնալ սեփականության վերաբաշխման, մեկից վերցնել ու մյուսին տալու ճանապարհով: “Ուրիշի հորոխպոր որդուց չենք խլելու մեր հորոխպոր որդուն տանք, այդ ճանապարհով չպետք է գնանք: Սեփականության վերաբաշխում ՀՀ-ում չկա ու չի լինելու, բայց մենք պետք է հանգիստ ու հանդարտ պայմաններում այս բոլոր հարցերը քննարկենք, պետության ու ժողովրդի շահերը վերականգնենք”,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարն այսօր առնչություն  է ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ և որոշակի լարվածություն է առաջացնում:

«Այս ամենն ասում եմ հիմնավորելու համար, որ Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում: Ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորացիայի մեկնարկ: Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք անող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արդյունաբերական և արտահամանը  միտված տնտեսություն ունեցող երկրի: Ես այստեղից ուզում եմ հայտարարել, որ այս գործընթացը տեղի է ունենում ՀՀ-ում, սա քաղաքական հայտարարություն է»,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: